Bible

Power Up

Your Services with User-Friendly Software

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Kings 20

:
Armenian - NEA
1 Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիվանդացավ։ Նրա մոտ եկավ Ամովսի որդի Եսայի մարգարեն և ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Քո տան գործերը կարգի՛ դիր, քանզի դու չես առողջանալու, մեռնելու ես”»։
2 Եզեկիան երեսը պատի կողմը դարձրեց և աղոթեց Տիրոջը՝ ասելով.
3 «Ո՜վ Տեր, հիշի՛ր, թե ես ինչպե՛ս եմ քո առջև ճշմարտությամբ ու հավատարիմ սրտով ընթացել, քո առջև բարին եմ կատարել»։ Եվ Եզեկիան դառնորեն արտասվեց։
4 Եսային դեռ դուրս չէր եկել գավթից, երբ նրան հասավ Տիրոջ խոսքը, որ ասում էր.
5 «Հե՛տ դարձիր և իմ ժողովրդի առաջնորդ Եզեկիային ասա՛. “Այսպես է ասում Տերը՝ քո նախնի Դավթի Աստվածը. “Լսեցի քո աղոթքը և տեսա քո արտասուքը։ Ես ահա պիտի բժշկեմ քեզ, երրորդ օրը պիտի գաս Տիրոջ տունը,
6 քո կյանքը տասնհինգ տարով պիտի երկարեցնեմ, Ասորեստանի արքայի ձեռքից պիտի փրկեմ քեզ ու քո քաղաքը, պաշտպան պիտի կանգնեմ քո քաղաքին հանուն ինձ և իմ ծառա Դավթի”»։
7 Եսային ասաց. «Չոր թզե՛ր բերեք»։ Բերեցին, վերքի վրա դրեցին, ու նա առողջացավ։
8 Նախքան առողջանալը Եզեկիան ասաց Եսայուն. «Ի՞նչը նշան կլինի այն բանի, որ Տերն ինձ կբժշկի, և երրորդ օրը Տիրոջ տունը կգնամ»։
9 Եսային ասաց. «Սա է նշանը Տիրոջ կողմից, որ Տերն իր խոսքը կկատարի. արևի ստվերը տասն աստիճան առաջ պիտի շարժվի»։
10 Եզեկիան ասաց. «Ստվերի տասը աստիճան առաջ շարժվելը բնական բան է։ Ո՛չ, այդպես թող չլինի, ստվերը թող տասն աստիճան հետ դառնա»։
11 Եսայի մարգարեն դիմեց Տիրոջը, և ստվերը տասն աստիճան հետ դարձավ Աքազի արևի ժամացույցի աստիճաններով։
12 Այդ ժամանակ Բաբելոնի արքան՝ Բաղդանի որդի Մարոդաք Բաղդանը, հրովարտակներ ու ընծաներ ուղարկեց Եզեկիային, որովհետև լսել էր, որ Եզեկիան հիվանդացել է։
13 Եզեկիան ուրախացավ դրանց համար և նրա դեսպաններին ցույց տվեց գանձատունը, արծաթը, ոսկին, խնկերը, անուշահոտ յուղերը, զինանոցը և այն ամենը, ինչ կար իր գանձարանում։ Եզեկիան իր տանը և ամբողջ իշխանության մեջ տեղ չթողեց, որ ցույց չտար նրանց։
14 Եսայի մարգարեն եկավ Եզեկիա արքայի մոտ ու ասաց նրան. «Ի՞նչ խոսեցին այդ մարդիկ և որտեղի՞ց էին եկել քեզ մոտ»։ Եզեկիան ասաց. «Հեռու երկրից՝ Բաբելոնից էին եկել ինձ մոտ»։
15 Եսային ասաց. «Ի՞նչ տեսան քո տանը»։ Եզեկիան ասաց. «Ինչ որ կար իմ տանը, տեսան. ոչ մի բան չկա իմ տան մեջ և իմ գանձարանում, որ նրանց ցույց տված չլինեմ»։
16 Եսային ասաց Եզեկիային. «Լսի՛ր Տիրոջ խոսքը.
17 “Ահա կգան օրեր, և քո տան մեջ ինչ որ կա, և ինչ որ կուտակել են քո հայրերը մինչև այսօր, կտարվեն Բաբելոն. ոչինչ չի մնա”։ Այս է Տիրոջ ասած խոսքը.
18 “Քո որդիները, որոնք քեզնից են ծնվելու, գերի պիտի ընկնեն ու ներքինիներ դառնան Բաբելոնի արքայի տանը”»։
19 Եզեկիան ասաց Եսայուն. «Բարի է Տիրոջ ասած խոսքը»։ Եվ ասաց. «Խաղաղություն ու ապահովություն թող լինի իմ օրերում»։
20 Եզեկիայի մնացած գործերը, նրա քաջագործությունները, նրա ջրամբարների, ջրմուղի և քաղաք հասնող ջրատարի շինարարությունը նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։
21 Եզեկիան գնաց իր նախնիների գիրկը, և նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Մանասեն։